Մտածող հայ հասարակություն և ուղղակի այլն

Հասարակություն. անհատների ամբոխ, որոնցից ամեն մեկն առանձնանում է իր մարդկային    ու, ցավոք,  նաև ոչ մարդկային էությամբ, մտածելակերպով, բնավորությամբ   և շատ այլ հատկանիշներով, որոնք նույն մարդկանց  մի  մասի  կարծիքով  շնորհել է Աստված, իսկ մյուս մասի կարծիքով ուղղակի ձեռք են բերել պատահականության սկզբունքով կամ գեներով: Հասարակությունն ինքնին մեկն է, սակայն այն ամբողջական չէ և իր հերթին բաժանվում  է  այդ մեծ հասարակությունը կազմող  այլ փոքր հասարակությունների,  որոնցից ամեն մեկն իր հերթին առանձնանում է իր մարդկային և, ցավոք, նաև ոչ մարդկային հատկություններով: Այս հասարակության և դրա բաղադրիչներ փոքր հասարակությունների առաջացման պատճառը հենց մենք ենք.  ոմանքս մարդկային մտածելակերպով,  իսկ ոմանք էլ մարդկային մտածելակերպով ու կենդանական բնազդով առաջնորդվող էակներ և ուղղակի մարդիկ:
  Ես ինքս հասարակության մի մասնիկ եմ, որ մտորում է հասարակության որպիսին լինելու մասին: Ես ինքս մարդկային մտածելակերպով առաջնորդվող, իսկ երբեմն, ցավոք, նաև կենդանական բնազդով  առաջնորդվող էակ եմ և ուղղակի մարդ: Ուստի, թող չլինի մեկը, որ կմտածի,  թե կենդանական բնազդը չի կարող ենթարկեցնել  իրեն բնության հստակ ու անխախտ օրենքներին: Մարդկային մտածելակերպի և կենդանական բնազդի հետևանքով մեր ընդունած և չընդունած, մեր մտացածին և ցնորամիտ որոշումների տարբերության և հակասության հետևանքով առաջանում են խնդիրներ`լուծելի և անլուծելի, որոնց հետևանքով ու շնորհիվ ամեն մեկիս հասարակությունը մասնատվում է հենց այն փոքր հասարակությունների՝ իրենց հատուկ մտածելակերպով ու գաղափարներով:
 Հայաստան.  երկիր, որն ունի հազարամյակների պատմություն: Երկիր, որը 2000 տարի առաջ եղել է ծովից ծով և մինչ այսօր մնում է այդպիսին իմ` փառահեղ անցյալի հուշերով ապրող հայրենակիցների մոտ: Ես չկամ այդ հայրենակիցների մեջ, քանզի ես հայ եմ, և ինչպես ամեն մի հայ ասում է «մենք»՝ դրա մեջ չներառելով իրեն: Ես էլ կլինեմ սխալական, և շարժվելով մարդկային մտածելակերպի գաղափարներով,  ինձ վեր կդասեմ բոլորից, ինչպես ամեն մեկս   իր հերթին է անում,  բայց դրա հետ մեկտեղ ես կառանձնանամ և կասեմ «ներողություն»:
Հայ ժողովուրդ. ազգ, որը տեսել է սպանդ, կոտորած, արտագաղթ և այդ ամենը մի արյունոտ բառով կոչում են ցեղասպանություն: Եվ ամենևին չկա անհրաժեշտություն այս ամենը կարդալով, հասկանալով, հիշելով խղճահարություն հիշեցնող հայացք ընդունել ու նստել, քանզի պետք է կանգնել ու հպարտանալ մի ազգով, որ 1000 տարուց ավելի լինելով օտար ազգերի, այն էլ մահմեդական ազգերի լծի տակ՝  տեսավ և ապրեց ցեղասպանություն և 21-րդ դարում ունի Հայաստանի ազատ, անկախ հանրապետություն:
21-րդ դար, Հայաստանի ազատ, անկախ հանրապետություն: Երկիր, որին մենք կոչում ենք ժողովրդավարական,  որում, ըստ մեզ, կա ազատ խոսքի իրավունք, իրավահավասարություն և ուղղակի այլն: Պայմանականորեն Հայաստանը բաժանենք երկու մասի՝ իշխանության և հասարակության միջև: Մեզ մոտ հասարակությունը նույնպես բաժանվում է փոքր հասարակությունների, որոնք նույնպես ունեն իրենց հատուկ մտածելակերպ, գաղափարներ և առանձնակի մոտեցում հարցերի լուծմանը: Պայմանականորեն համարակալեմ փոքր հասարակությունները, քանզի մենք՝ հայերս, սիրահար ենք համարակալումների, և փորձեմ  բաժանել հասարակությունը՝ ըստ գաղափարների:
  Առաջին հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր չեն աշխատում կամ աշխատում են, ունեն ընտանիք կամ իրենց շրջապատում մարդիկ,  որոնց համար մտահոգ են, և իրենց մտահոգության շնորհիվ տարբեր տեսակի քայլեր են ձեռնարկում և ուղղակի ապրում են հանգիստ՝ առանց հաշվի առնելու շրջապատող հասարակության խնդիրները, որոնք ուղղակիորեն կապված են հենց իրենց որպեսիության հետ: Ուստի, նրանց  չի հետաքրքրում ո՛չ հասարակությունը, ո՛չ իշխանությունը, և իհարկե ո՛չ էլ քաղաքականություն ասվածը:
Երկրորդ հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր առաջին հասարակության նման են, սակայն տարբերվում են նրանով, որ այս հասարակությունը  հետաքրքրված է քաղաքականությամբ, սակայն, ի տարբերություն նախորդ հասարակության, նրանք հասկանում են, որ քաղաքականությունը սերտորեն կապված է իրենց ներկայիս վիճակի և առավել ևս ապագայի հետ:
Երրորդ հասարակության մեջ ներառեմ նրանց, ովքեր նման են երկրորդ հասարակությանը, սակայն, ի տարբերություն նախորդ հասարակության, հետաքրքրված են քաղաքականությամբ շահադիտական նպատակներով, քանզի չեն գիտակցում և ուղղակի չեն հասկանում, թե ինչ է քաղաքականությունը  և թե իրենց գործողությունները, որոնք, ինչպես նշեցի, շահադիտական են, ինչ ազդեցություն կարող են ունենալ քաղաքական և հասարակական կյանքում դեպքերի զարգացման և առաջընթացի վրա:
Համարակալումները կարելի է հասցնել 100-ների և նույնիսկ 1000-ների, սակայն այսօր կարևորեմ  հենց այս երեքը: Այսօր Հայաստանի ազատ, անկախ հանրապետությունը գտնվում է քաղաքական սրացումների շրջանում,  և կազմվել են բազում քաղաքական ուժեր, որոնց,  ցավոք, մի մասը  անկախ է մնացած քաղաքական ուժերից: Այս քաղաքական ուժերն էլ իրենց հերթին ուղղակիորեն բաժանվում են երկու խմբի իշխանամետ և ընդդիմադիր, սակայն  այս գաղափարների կողքին առաջացել է երրորդ խումբը, որն ուզում է փոխել իշխանության կառավարման որոշ ձևեր ու որոշումներ, սակայն այս խումբն իրենից չի ներկայացնում քաղաքական ուժ: Ի դեպ, այս երեք խմբերը հատուկ են միայն Հայաստանի ազատ, անկախ Հանրապետությանը, քանզի այլ երկրներում այս երրորդ խումբը նույնանում է ընդդիմության գաղափարի հետ:
Հիմա փորձենք հասկանալ, թե այս երեք խմբերից ամեն մեկը ընդհանուր հասարակության քանի տոկոսն է կազմում: Հետևելով սոցոլոգիական հարցումներին, բայց,  միևույն ժամանակ զերծ մնալով  Հայաստանի ամենահայտնի երևի սոցիոլոգի կարծիքից՝ ստացվում է այս պատկերը.
1-ին հասարակություն    19,5%
3-րդ հասարակություն    38%
2-րդ հասրակություն       42,5%
Այս միևնույն ժամանակ շատ ու քիչ թվացող 42,5% կազմող երկրորդ հասարակությունը, ցավոք, նվազում է, երբ հերթը հասնում է գործին: Քանզի ծնվում են խոչնդոտող մի շարք պատճառներ, որոնց  թվին են դասվում աշխատանքից հեռացումը, սպառնալիքները, կաշառքը, որն, ըստ իս, ամենացավալին է, քանզի այդ տարբերակում երկրորդ հասարակության մի մասը անցնում է երրորդ հասարակության շարքերը: Ուստի ինչքան էլ բաժանենք, տոկոսային հարաբերակցությամբ չափենք մարդկային այս խմբերը, միևնույնն է մեր ազատ,անկախ հանրապետության այժմ արդեն թվացյալ ժողովրդավարությունը, ազատ խոսքի իրավունքը, իրավահավասարությունը սկսում են շարժվել հակառակ ուղղությամբ և կատարել այլ գործառույթներ, և հասարակության այս խմբերը մեկից սկսում են անցնել մյուսի շարքերը՝ խաթարելով գործողությունների բնականոն և խելամիտ ընթացքը: Իսկ ովքե՞ր են այս ամենի հեղինակները: Շատերն այս հարցին կպատասխանեն ուղղակի մեկ բառով. իշխանությունը կամ ընդդիմությունը, սակայն պատասխանը մեծ մասամբ ճիշտ է և մեծ մասամբ սխալ: Քանզի եթե հեղինակներ կարելի է համարել իշխանությանն ու ընդդիմությանը, ապա այդ հեղինակների գործիքն ու կատարողը անմիջականորեն հենց հասարակության խմբերն են՝ ոմանք ակտիվ, ոմանք պասիվ դրսևորումներով: Սակայն առողջ մտածելակերպ ունեցող հասարակության դրական կողմերից մեկն այն է, որ այդ հասարակությունն ինքն է ընտրում այն միջավայրն ու այդ միջավայրին հատուկ պայմանները այնտեղ ապրելու համար, և ոչ թե հարմարվելը այն միջավայրին և պայմաններին, որոնք նախատեսում են հասարակության համար մի խումբ մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ հասարակությանը կամ ուղղակի չեն ուզում գիտակցել, կամ, ինչն ամենասարասափելին է, չեն ուզում ստեղծել մի միջավայր, որը հարմար չէ հենց իրենց: Իսկ ի՞նչ է մտածում մեր հասարակությունը. թողնե՞լ  իշխանությանը իր դիրքում և օգնել նրան շարունակելու իր գործը, թե՞ փոխել իշխանությունը և այն հանձնել առավել ուժեղ և առավել մտահոգ անձանց: Այդ հասկանալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են այդ անձինք, սակայն առանց այդ անձանց և իրենց քաղաքական ուժերը առանձնացնելու, նրանց բոլորին կոչեմ ընդդիմություն, քանզի խոսքը գնում է ներկայիս իշխանության մնալու կամ հեռանալու մասին. թե ով կլինի նրա փոխարեն, դա արդեն գրքի հակառակ կողմն է: Եվ այսպես, մեր հասարակությանը ևս մեկ անգամ բաժանեմ  խմբերի:
Առաջին խումբը ցանկանում է, որպեսզի փոխվի իշխանությունը, ուստի ընդդիմադիր ուժերից մեկի կողմնակիցն է:
Երկրորդ խումբը իշխանության կողմնակիցն է, ուստի չի ցանկանում, որպեսզի իշխանափոխություն լինի:
Երրորդ խմբի համար էլ ուղղակի միևնույնն է, թե ինչ կլինի, քանզի նրանք կա՛մ ունեն աշխատանք,  որը կախված չէ իշխանությունից, ըստ իրենց, կա՛մ այն խմբին են պատկանում, որոնք ուղղակի ապրում են՝ մտածելով միայն իրենց մասին, և կրկին կարծում են,որ իրենց հետ կապ չունի քաղաքականությունը և ուղղակի այլն:
Հիմա հասկանանք, թե այս խմբերից յուրաքանչյուրը մեր հասարակության մեջ քանի տոկոսն է կազմում՝ կրկին հետևելով սոցիոլոգիական  հարցումների արդյունքներին և կրկին զերծ մնալով Հայաստանի  ամենահայտնի երևի սոցիոլոգի կարծիքից: Կստացվի հետևյալ պատկերը.
Իշխանություն  31%
Ընդդիմություն 49,5%
Ուղղակի 19,5%
Սակայն այստեղ առաջանում է հարց. ինչպե՞ս է լինում, որ հասարակության միայն 31%-ն է իշխանության կողմնակիցը, իսկ իշխանությունն արդեն 14 տարի է չի փոխվում: Այդ հարցի պատասխանը կարելի է տալ Հայաստանին հատուկ ընտրակեղծիքներով, ինչը, ցավոք, մեր իրավահավասար երկրում ուղղակի վարկած է, և այն փաստով, որ ընդդիմության 49,5%-ը բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման արդյունքում է հնարավոր: Սակայն, եթե  ընդդիմության մեջ դժվար է առանձնացնել խումբ, որն ուղղակի է այդ ուժի կողմնակիցը, ապա իշխանության մեջ կարելի է դա անել: Քանզի իշխանության 31%-ի մեջ կան խմբեր, որոնք արդեն հարմարվել են իշխանության ստեղծած  միջավայրին և իրենց լավ են զգում այնտեղ: Խմբեր, որոնց համար իշխանական կոչվելն ուղղակի պատիվ է: Խմբեր, որոնք շահադիտական նպատակներով են հայտվել իշխանության կողմնակիցների շարքում և նորից ուղղակի այլն:Այս խմբերը ուղղակիորեն դասվում են մեր Ուղղակի  խմբին: Սակայն, կա ցավալի ևս մեկ փաստ, որ ընդդիմության կողմնակիցների շարքերում նույնպես կգտնվեն ոմանք, որոնց նույնպես պետք է ընդգրկել Ուղղակի   խմբում: Այս ամենից հետո խմբերը՝ ըստ տոկոսային հարաբերակցության, կունենան հետևյալ պատկերը.
Իշխանություն  24%
Ընդիմություն    45%
Ուղղակի           31%
Եվ այստեղ առաջ է գալիս մի ցավալի փաստ. մեր հասարակության զգալի մասին ուղղակի չի հետաքրքրում այն ամենը ինչ կատարվում է իրենց շուրջ: Ուստի փորձենք ամեն մեկս հավասարակաշռության բերել մարդկային մտածելակերպով և կենդանական բնազդով շարժվելու մեր կարողությունները, որպեսզի մեր մտացածին և ցնորամիտ, ընդունած և չնդունած որոշումների հետևանքով չծնվեն հարցեր լուծելի և անլուծելի, ու մեր սակավաթիվ հասարակությունը չմասնատվի տարակարծիք բազմաթիվ փոքր հասարակությունների: Մենք բոլորս հասարակության մի մասնիկն ենք և հենց մենք ենք ընտրում այն միջավայրը`մեզ հարմար պայմաններով, հենց մենք ենք ստեղծողը ժողովրդավարական, իրավահավասար, ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s